Մատչելի հղումներ

«Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին»


Հայաստանի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի և հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ», - ասել է Հայաստանի նախագահը։

«Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի», - վերահաստատել է Սարգսյանը՝ հավելելով. «Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը»:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահության հետագա անելիքների առնչությամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է հոկտեմբերի 21-ից 22-ը Երևանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս թեման առավել քան արդիական է այսօր, և Հայաստանը կարող է դիմակայել նման մարտահրավերներին` Եվրոպայի խորհրդի կողմից կուտակած փորձի և իրավական գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:

«Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իհարկե վերահաստատեցինք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ մեր բարձր վստահությունը», - եզրափակել է Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահի արված հայտարարությունը:
XS
SM
MD
LG