Մատչելի հղումներ

Քլինթըն. ԱՄՆ-ը որևէ առնչություն չունի բռնությունների պատճառ դարձած կինոնկարի հետ


«Մենք չենք արգելում երկրի առանձին քաղաքացիներին արտահայտել իրենց կարծիքները, որքան էլ անճաշակ դրանք չլինեն»

«Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ առնչություն չունի մահմեդական երկրներում հակաամերիկյան ցույցերի պատճառ դարձած կինոնկարի հետ»:

Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը Մարոկկոյի բարձրաստիճան դիվանագետների հետ Վաշինգտոնում բանակցություններից առաջ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, որի համաձայն ամերիկյան կառավարությունը խստորեն քննադատում է կինոնկարի բովանդակությունը և ուղերձը:

«Մեզ համար, ինձ համար անձամբ, այս տեսանյութը նողկալի է և դատապարտելի: Ամենայն հավանականությամբ, այն մեծ կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և զայրույթ հրահրելու լկտի նպատակ է հետապնդում», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Չնայած Քլինթընը նշել է վիճահարույց կինոնկարի հետ Միացյալ Նահանգների կառավարության որևէ առնչություն չունենալու մասին, նա այնուամենայնիվ հիշեցրել է ԱՄՆ-ում կրոնական հանդուրժողականության և խոսքի ազատության նվիրված լինելու պատմության մասին՝ ասելով, որ բռնություններով արձագանքելուն որևէ արդարացում չի տեսնում:

«Գիտեմ, որ ոմանց համար դժվար է հասկանալ, թե ինչու Միացյալ Նահանգները չի կարող կանխել կամ չի կանխում նման տեսանյութերի լույս աշխարհ գալը: Պետք է նշեմ, որ ժամանակակից աշխարհում և տեխնոլոգիաների առկայության դեպքում դա գրեթե անհնար է: Սակայն նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, մեր երկիրն ունի սահմանադրության մեջ ամրագրված խոսքի ազատության երկար պատմություն: Մենք չենք արգելում երկրի առանձին քաղաքացիներին արտահայտել իրենց կարծիքները, որքան էլ անճաշակ դրանք չլինեն», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը:
XS
SM
MD
LG