Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը հորդորել է Չինաստանին պաշտպանել մարդու իրավունքները


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հինգշաբթի օրը Պեկինում մեկնարկած Չինաստանի իշխանությունների հետ ամենամյա բանակցությունների սկզբին հորդորել է այս երկրի իշխանություններին պաշտպանել մարդու իրավունքները:

«Որպես մեր երկխոսության մաս, Միացյալ Նահանգները բարձրացնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կարևորության հարցը, քանի որ համոզված ենք, որ բոլոր կառավարությունները պետք է պատասխան տան իրենց քաղաքացիների արժանապատվության և օրենքի գերակայության ձգտումներին, և որևէ պետություն չի կարող և չպետք է մերժել այս իրավունքը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը::

Քլինթընն իր բացման խոսքում չի հիշատակել չինացի կույր ակտիվիստ Չեն Գուանգչենգի անունը, որը տնային կալանքից փախուստի է դիմել և ապաստան է գտել Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Չենը չորեքշաբթի օրը լքել է դեսպանատունն այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները խոստացել են Միացյալ Նահանգներին ապահովել իր անվտանգությունն ու վերամիավորել իր ընտանիքի հետ: Մի քանի ժամ անց սակայն ակտիվիստը հայտնել է լրագրողներին, թե իր ընտանիքին սպառնացել են և դիմել ԱՄՆ-ին՝ Չինաստանը լքելու հարցում իրեն օգնելու խնդրանքով:

Չինաստանն արդեն պահանջել է Միացյալ Նահանգներից ներողություն խնդրել Չենին ընդունելու համար՝ «Չինաստանի ներքին գործերին անընդունելի միջամտություն» անվանելով այն:

Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն բանակցությունների սկզբին բացման իր խոսքում նույնպես չի հիշատակել ակտիվիստի անունը, սակայն ասել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է կարողանան հարգանքով վերաբերվել միմյանց նույնիսկ այն դեպքում, եթե որոշ հարցերի շուրջ առկա են տարաձայնություններ:

XS
SM
MD
LG