Մատչելի հղումներ

Կույր ակտիվիստը ԱՄՆ-ի դեսպանատնից «ապահով վայր» է տեղափոխվելու


ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, տնային կալանքից փախուստի դիմած և Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանն ապաստան գտած չինացի կույր ակտիվիստը լքել է դեսպանատան տարածքը՝ բժշկական օգնություն ստանալու և իր ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով:

ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունը համաձայնվել է տեղափոխել Չեն Գուանգչենգին երկրի տարածքում գտնվող «անվտանգ մի վայր»: Պաշտոնյայի համաձայն, Չենը չի դիմել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու պահանջով:

Չինաստանի պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը նույնպես հաղորդել է ԱՄՆ-ի դեսպանատան տարածքից Չենի հեռանալու մասին: Գործակալության վկայությամբ, Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքը «ինքնակամ լքելուց» առաջ Չենն այնտեղ մնացել է վեց օր:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միացյալ Նահանգներից ներողություն խնդրել Չենին ընդունելու համար՝ «Չինաստանի ներքին գործերին անընդունելի միջամտություն» անվանելով այն: Արտգործնախարարությունը պահանջել է նաև, որ Վաշինգտոնը խոստանա ապագայում զերծ մնալ այլախոհներին ապաստան տրամադրելուց:

Չինաստանի կոմունիստական կուսակցության «Գլաբալ Թայմս» օրաթերթը սակայն մեծ կարևորություն չի տվել Չենի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ այն ազդեցություն չի ունենա Միացյալ Նահանգների հետ Չինաստանի ունեցած հարաբերությունների վրա:

XS
SM
MD
LG