Մատչելի հղումներ

«Ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել». Քլինթըն


Քլինթընը վստահեցրել է Սարգսյանին, որ հունիսի 4-ի միջադեպի մասին կանդրադառնա Բաքվում

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընի Հայաստան կատարվող այցի ընթացքում տեղեկացել է հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 4-ին տեղի ունեցած սադրանքի մասին, որի պատճառով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարին ուղեկցող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը Երևանից հաղորդել է, որ Հիլարի Քլինթընը, արձագանքելով այս տեղեկատվության ասել է, որ «շատ է մտահոգված լարվածության սրմամբ, ինչպես նաև երիտասարդ զինծառայողների և քաղաքացիական անմեղ անձանց անմիտ մահվամբ»:

«Ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել, հետևաբար ուժ չպետք է կիրառվի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի, արտգործնախարար Քլինթընը վստահեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որ այս միջադեպի մասին կհիշատակի Բաքու չորեքշաբթի օրը կայանալիք իր այցի ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, «հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»:

«Ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրարամերժ տեղեկություններ են հաղորդել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այսպես, «Trend.az»-ը հաղորդել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի ԶԼՄ-ների կողմից միջադեպի մասին տարածված հաղորդագրությունը:

«Newz.az» լրատվական կայքը սակայն, վկայակոչելով ադրբեջանական մեկ այլ՝ «APA» գործակալությունը , հաղորդել է, թե «Ադրբեջանի բանակը կանխել է Հայաստանի սադրանքը»:

XS
SM
MD
LG