Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը ժամանել է Վրաստան


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը Վրաստան կատարվող այցի շրջանակներում մասնակցել է Բաթումի քաղաքում ԱՄՆ-ի և Վրաստանի Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում անցկացվող լիագումար նիստի բացման:

Բացման խոսքում արտգործնախարար Քլինթընն ասել է, որ Վրաստանը «Վարդերի հեղափոխության» ժամանակից կատարել է երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլեր, և «այս առաջընթացն արձագանքվել է ամբողջ աշխարհում»:

Վրացական «Civil.ge» լրատվական կայքի փոխանցմամբ, ժողովրդավարական բարեփոխումները կնպաստեն նաև երկրի տնտեսական աճին՝ հավելելով, որ Վրաստանում իրականացվող բարեփոխումները, ներառյալ տնտեսական բարեփոխումները, «արժանացել են միջազգային համայնքի գովասանքի»:

Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Վրաստանն այժմ ցանկանում են «առևտրային ու ներդրումային հարաբերություններն հասցնել է՛լ ավելի բարձր մակարդակի»:

Անդրադառնալով պաշտպանության և անվտանգության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության, արտգործնախարար Քլինթընը նշել է, որ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանության համագործակցության ոլորտում արդեն իսկ առկա են երկկողմանի ամուր կապեր և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները սատարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը:

Խոսելով մարդկանց միջև շփումների մասին, արտգործնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները Վրաստանի քաղաքացիներին ԱՄՆ ճանապարհորդելն առավել դյուրին դարձնելու նպատակով քայլեր է ձեռնարկել:

ԱՄՆ-ի և Վրաստանի Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում անցկացվող լիագումար նիստի բացումից հետո Միացյալ Նահանգների արտգործնախարարը հանդիպում է անցկացրել երկրի ընդդիմության ներկայացուցիչների հետ և մասնակցել Վրաստանի առափնյա պահպանության ծառայության ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ վերանորոգված պահակային երկու նավակի հանձնման արարողությանը:

Արտգործնախարար Քլինթընը երեքշաբթի ավելի ուշ հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

XS
SM
MD
LG