Մատչելի հղումներ

Բիլ Քլինթընը պաշտոնապես առաջադրել է Օբամայի թեկնածությունը


Նախկին նախագահը մեղադրել է հանրապետականներին «կատարյալ խառնաշփոթություն» ստեղծելու մեջ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը պաշտոնապես առաջադրել է նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը:

Բիլ Քլինթընը դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում չորեքշաբթի ուշ երեկոյան իր ուղերձի ժամանակ նաև խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությանը:

Նրա համաձայն, հանրապետական կուսակցության համաժողովի ընթացքում «նախագահի վերընտրման դեմ բերված փաստարկները բավականին պարզ էին":

«Երբեմն դրանք հնչում էին այսպես. մենք նրան ժառանգություն ենք թողել կատարյալ խառնաշփոթություն, նա բավականին արագ չի կարգավորել այն, ուրեմն աշխատանքից հանեք նրան և նախագահի պաշտոնում նորից դրեք մեզ», - ասել է նախկին նախագահը:

Բիլ Քլինթընը հիշեցրել է, որ երբ նախագահ Օբաման ընդունել է իր պաշտոնը, Միացյալ Նահանգների տնտեսությունում «ազատ անկում» էր տեղի ունենում:

«Այն ժամանակ երկրի տնտեսության ծավալը նվազել է 9,4 տոկոսով, ամսական մենք կորցնում էինք 750 հազար աշխատատեղ: Արդյո՞ք իրավիճակը չի բարելավվել այսօր: Պատասխանն է՝ ԱՅՈ՛»:

Բիլ Քլինընը մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացիների շրջանում, որոնք հիշում են 1990-ական թվականներին նրա նախագահության ընթացքում երկրի տնտեսական բարեկեցությունը: Քլինթընի ելույթից հետո նրան բեմի վրա միացել է նախագահ Օբաման:

Սպասվում է, որ նախագահ Օբաման ընտրություններում որպես դեմոկրատական կուսակցության իր թեկնածության ընդունման խոսքով հանդես կգա հինգշաբթի երեկոյան: Նախագահի ելույթը եղանակային վատթարացող պայմանների պատճառով որոշվել է տեղափոխել բացօթյա մարզադաշտից ֆուտբոլային ավելի փոքր փակ մարզադաշտ:
XS
SM
MD
LG