Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ


ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը «բարակ մաշկ ունեցող կոշտ տղա» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համեմատելով վերջինիս Ադոլֆ Հիտլերի հետ

ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը «բարակ մաշկ ունեցող կոշտ տղա» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համեմատելով վերջինիս Ադոլֆ Հիտլերի հետ:

Քլինթընի համաձայն, Պուտինը «վատնում է Ռուսաստանի ունեցած ներուժը»՝ Ուկրաինայի շուրջ զբաղեցրած դիրքորոշման պատճառով:

«Մենք գիտենք, որ գործ ունենք բարակ մաշկ ունեցող մի կոշտ տղայի հետ», - ասել է ԱՄՆ-ի նախկին արտգործնախարարը՝ հանդես գալով Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանում:

Հիլարի Քլինթընը հիմնավորել է իր հայտարարությունը ԱՄՆ-ի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իր ունեցած փորձառությամբ:

«Գիտեմ, որ նրա քաղաքական տեսլականը կայանում է Ռուսաստանի մեծարման մեջ: Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ես ասում էի, որ նա Ռուսաստանի սահմանամերձ պետությունների «վերախորհրդայնացման» նպատակ է հետապնդում, սակայն այս ընթացքում նա վատնում է Ռուսաստանի՝ որպես մեծ երկրի, ներուժը և վտանգում է Եվրոպայում կայունությունն ու նույնիսկ խաղաղությունը», - ասել է Հիլարի Քլինթընը:

Այս հայտարարությունն անելուց մեկ օր առաջ Քլինթընը զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում նախագահ Պուտինի գործողությունների և Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ադոլֆ Հիտլերի կողմից ընդունված որոշումների միջև:

«Նման բան մենք արդեն լսել ենք: Հիտլերը նույնն էր անում 1930-ական թվականներին: Հիտլերն անընդհատ խոսում էր Չեխոսլովակիայում, Ռումինիայում և այլուր ապրող ազգությամբ գերմանացի անձանց մասին: Նա պնդում էր, որ նրանք վատ վերաբերմունքի էին արժանանում», - մեջ է բերում ամերիկյան մամուլը ԱՄՆ-ի նախկին արտգործնախարարի խոսքերը:

Հիլարի Քլինթընն այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «Պուտինի և Հիտլերի միջև համեմատականներ չի անցկացնում», սակայն միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները «չպետք է մոռացության մատնի պատմական տեսանկյունը»:
XS
SM
MD
LG