Հարավային Աֆրիկայում երկրագնդի ջերմացման խնդիրներով անցկացվող վեհաժողովի 194 երկրների մասնակիցները համաձայնվել են ընդունել բոլոր երկրների համար պարտադիր իրագործելի մի պայմանագիր, ըստ որի պարտավորվում են դիմել գործողությունների՝ կլիմայական փոփոխությունների ընթացքը դանդաղեցնելու համար։
Ըստ պայմանագրի, արդյունաբերապես զարգացած երկրները պարտավորվում են եւս հինգ տարի հավատարիմ մնալ 1997 թվականի Կիոտոյի արձանագրությանը։ Հիշեցնենք, որ այն ստորագրած երկրները պարտավորվել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալները։
Կողմերի միջեւ շարունակվող լուրջ քննարկումների եւ առկա տարաձայնությունների պատճառով գործարքը կնքվեց վեհաժողովը ավարտելու համար նախատեսված օրից երկու օր ուշ։
ԱՄՆ-ը հայտարարում է, թե կպարտավորվի կրճատել արտանետումները միայն այն դեպքում, երբ այդ քայլին գնան մթնոլորտը ջերմոցային գազերով աղտոտող արդյունաբերական մյուս երկրները նույնպես։ Չինաստանն ու Հնդկաստանը բացահայտորեն դեմ են արտահայտվում գործարքին՝ հայտարարելով, թե իրենք սկսել են բնության պահպանության հատուկ ծրագրեր, չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերապես զարգացած երկրները չեն հարգում իրենց պարտավորությունները։
Վեհաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները համաձայնվեցին ստեղծել մի հիմնադրամ, որը միլիարդավոր դոլարներ կհատկացնի աղքատ երկրներին՝ համաշխարհային ջերմացման դեմ պայքարելու համար։