Մատչելի հղումներ

Հայլենդ քաղաքը վերահաստատել է քույրական հարաբերությունները Բերձորի հետ


«Oտարերկրյա կառավարությունների գործակալները, ինչպիսին է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը, որևէ իրավունք չունեն միջամտելու Միացյալ Նահանգներում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը»

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաղաքագլուխ Լերի ՄըքՔելոնը և քաղաքային խորհրդի մնացած անդամները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը՝ չնայած քաղաքային խորհրդի անդամ Ջոդի Սկոտի կողմից այս որոշումը չեղյալ հայտարարելու ուղղությամբ գործադրված ջանքերի, որոնք ձեռնարկվել են՝ Ադրբեջանի հյուպատոսության կողմից իրականացված ճնշումների հետևանքով:

Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի արևմտյան բաժանմունքը, որի համաձայն «օտարերկրյա կառավարությունների գործակալները, ինչպիսին է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը, որևէ իրավունք չունեն միջամտելու Միացյալ Նահանգներում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը»:

«Այն հանգամանքը, որը Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը փորձում է ճնշում գործադրել՝ ժողովրդավարությանը խոչընդոտելու նպատակով, միանգամայն անընդունելի է մեզ համար՝ որպես ամերիկացիների, և նույնիսկ ավելի անհանգստացնող է այն փաստը, որ ընտրությունների միջոցով իր պաշտոնը զբաղեցրած տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան կարող է տեղի տալ օտարերկրյա նման ճնշումներին», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի արևմտյան բաժանմունքի կառավարական մարմինների հետ հարաբերություններ գծով տնօրեն Թերեզա Հերիմյանը՝ ողջունելով այն հանգամանքը, որ այս դեպքում ժողովրդավարությունը հաղթանակել է:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին հռչակագիր էր ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։ Հռչակագրի ընդունմանը հաջորդած օրը Ադրբեջանի հյուպատոսությունը քննադատության էր արժանացրել այն՝ մեղադրելով Հայաստանին Բերձորում իրականացված «էթնիկական զտման մեջ»:

Ադրբեջանի իշխանությունների կողմից երկու քաղաքների միջև հաստատված հարաբերությունները խարխլելուն ուղղված փորձերը, ըստ հաղորդագրության, ձախողվել են այն բանից հետո, երբ Հայլենդի քաղաքային խորհրդի անդամներն ավելի շատ տեղեկություններ են ստացել Ադրբեջանում անցյալում կատարված և ներկայում շարունակվող մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկման մարտավարության մասին:

Հայլենդի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին ընդունված հռչակագրում կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին և նախագահ Բարաք Օբամային աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և ԼՂՀ-ի կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և հարատև լուծմանը:
XS
SM
MD
LG