Մատչելի հղումներ

ԿՀՎ-ը հերքել է Ուկրաինայում գործակալների զոհվելու մասին տեղեկությունները


Ռուսաստանամետ անջատողականները պնդում են, որ Ուկրաինայի արևելքում բախումների ընթացքում զոհվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների 13, վնասվածքներ ստացել՝ 12 գործակալ

Միացյալ Նահանգների ԿՀՎ-ը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել են կազմակերպության գործակալներ:

«ԿՀՎ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Ուկրաինայում կազմակերպության ծառայողների շրջանում զոհեր չկան: Ռուսաստանամետ անջատողականների կողմից նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասված է Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքի ինքնահռչակ քաղաքագլուխ Վյաչեսլավ Պոնոմարյովն ասել էր, թե տասը օրվա ընթացքում սպանվել, վնասվածքներ է ստացել և գերի է ընկել 650 մարդ, այդ թվում՝ 70 օտարերկրացի: Նրա համաձայն, այս գործողությունների ընթացքում ոչնչացվել էր ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի 13 ծառայող, իսկ ԱՄՆ-ի այս մարմինների 12 ծառայող վնասվածքներ էր ստացել:

Ռուսաստանի իշխանություններն ավելի վաղ հանդես էին եկել Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող գործողություններում ԱՄՆ-ից վարձկանների մասնակցության մասին հայտարարությամբ: Այս տեղեկությունները հերքել էր ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բաերը: Նրա համաձայն, ԱՄՆ-ի ոստիկանների և մասնավոր պահակային կազմակերպության ծառայողներին պատկերող լուսանկարն արվել էր ԱՄՆ-ի Նոր Օրլեան քաղաքում:
XS
SM
MD
LG