Մատչելի հղումներ

Չինաստանի փոխնախագահը կբանակցի Օբամայի և Բայդենի հետ


Չինաստանի փոխնախագահը կբանակցի Օբամայի և Բայդենի հետ

Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինն այսօր ԱՄՆ-ի Սպիտակ տանը բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում Չինաստանի փոխնախագահը կհորդորի իրականացնել երկու պետությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ:

Նախքան ԱՄՆ-ի նախագահի հետ կայանալիք բանակցությունների, Սի Ցզինպինը բանակցություններ կանցկացնի պաշտոնական ընդունող կողմի՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու պետությունների միջև հարաբերություններում լարվածության առարկա դարձած այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները, զինված ուժերի հզորության ամրապնդումը և մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ:

Բանակցություններից հետո ԱՄՆ-ի Սպիտակ տանը կկայանա պաշտոնական ճաշկերույթ, որին, բացի նախագահ Օբամայից և փոխնխախագահ Բայդենից, կմասնակցի նաև ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

Պաշտոնական ճաշկերույթից հետո Սի Ցզինպինն այցելելու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, որից հետո Չինաստանի փոխնախագահը հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի և Չինաստանի առաջատար գործարարների հետ:

XS
SM
MD
LG