Մատչելի հղումներ

«Չինաստանի հաքերները ներխուժել են ԱՄՆ-ի առևտրի պալատի համակարգիչներ»


«Չինաստանի հաքերները ներխուժել են ԱՄՆ-ի առևտրի պալատի համակարգիչներ»

«Չինաստանի հաքերները ներխուժել են ԱՄՆ-ի առևտրի պալատի համակարգիչներ` գողանալով վեց շաբաթվա նամակագրություն»:

Այս մասին զեկույց է հրապարակել ամերիկյան «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» պարբերականը` ասելով, որ Չինաստանի հաքերները մուտք են գործել Միացյալ Նահանգների ավելի քան երեք միլիոն առևտրային կազմակերպությունների շահերը ներկայացնող լոբիստական այս կազմակերպության համակարգչային ցանցը:

Պարբերականի համաձայն, հաքերների ներխուժումն իրականացվել է 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, որից հետո այն հայտնաբերվել և կասեցվել է ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից:

ԱՄՆ-ի առևտրի պալատի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, հաքերների ներխուժումն ուղղված էր կազմակերպության չորս աշխատողների դեմ, որոնք այդ ժամանակ աշխատում էին ասիական պետությունների վերաբերյալ քաղաքականության մշակման շուրջ:

«Ուոլ Սթրիտ Ջորնըլ»-ի վկայությամբ, հաքերային այս հարձակումն իրականացրած խումբը ենթադրաբար կապեր ունի Չինաստանի կառավարության հետ:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը հերքել է Չինաստանից հաքերային հարձակում իրականացնելու մասին տարածված տեղեկությունները` «անհիմն ու անպատասխանատու» անվանելով նման մեղադրանքները:

XS
SM
MD
LG