Մատչելի հղումներ

Չինաստանը՝ Հարավ-Չինական ծովի շուրջ բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին


Չինաստանի արտգործնախարար. «Պեկինն ու Վաշինգտոնը շարունակում են զարգացնել ընդհանուր դիրքորոշումները, հարգանքով վերաբերվել միմյանց և պատշաճ եղանակով լուծել զգայուն հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունները»

Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտնել են, որ Չինաստանը պատրաստ է մասնակցելու Հարավ-Չինական ծովում առկա մրցակցող պահանջները կարգավորելու նպատակով վարքագծի կանոնների մշակման շուրջ բանակցությունների:

Արտգործնախարարներ Քլինթընն ու Ձիեչին բանակցությունների ընթացքում քննարկել են Սիրիայում ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի շուրջ միջազգային հանրության ունեցած մտահոգությունները: Սակայն Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի շրջանակներում անցկացված բանակցությունների հիմնական առարկան դարձել են Հարավ-Չինական ծովում առկա տարածքային վեճերը:

Այս ծովի ջրերի որոշ մասերի նկատմամբ մրցակցող պահանջներ ունեն Չինաստանը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները, և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների արտգործնախարարներն աշխատում են այս իրավիճակում կիրառվելիք վարքագծի կանոնների մշակման ուղղությամբ:

Չինաստանի արտգործնախարար Յանգը բանակցությունների ընթացքում «զգուշությամբ նշել» է, որ Պեկինը ցանկանում է ապագայում միանալ վարքագծի կանոնների վերաբերյալ բանակցություններին, ինչը կարող է տեղի ունենալ սեպտեմբեր ամսին՝ այս տարվա նոյեմբերին ԱՍԵԱՆ-ի կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Արտգործնախարար Քլինթընի համաձայն, «սա կարևոր նշան է և վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարող են և պատրաստ են համատեղ աշխատանք իրականացնել Ասիայում»:

Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, որ երկու պետություններն աշխատում են փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված երկուստեք շահավետ համագործակցային գործընկերություն ստեղծելու ուղղությամբ: Նրա համաձայն, նման գործընկերությունը նախանշում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացումը ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում:

«Պեկինն ու Վաշինգտոնը շարունակում են զարգացնել ընդհանուր դիրքորոշումները, հարգանքով վերաբերվել միմյանց և պատշաճ եղանակով լուծել զգայուն հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունները», - ասել է Չինաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG