Մատչելի հղումներ

Չինաստանում հնչում են «վստահության ճգնաժամի» նախազգուշացումներ


Շենքերի քանդում Չինաստանում (արխիվային լուսանկար)
Շենքերի քանդում Չինաստանում (արխիվային լուսանկար)

Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցության պաշտոնական թերթում հրապարակվել են երկրի քաղաքացիների մոտ «վստահության ճգնաժամի» ձևավորման մասին նախազգուշացումներ, ինչը, ըստ թերթի, կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների:

«Փիփլզ դեյլի» թերթի խմբագրականում հինգշաբթի օրը նշվել է, որ բազմաթիվ համայնքներում գնալով ավելանում է զայրույթը տեղական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ, որի դրդապատճառները «շենքերի հարկադրվող քանդումների» կիրառումը և պաշտոնյաների կաշառակերությունն են:

Վերջին մի քանի տարվա ընթացքում նման դժգոհությունները դարձել են բողոքի զանգվածային մի քանի ցույցի պատճառը:

Թերթի համաձայն, ժողովրդի թվում գնալով ավելացող զայրույթը կարող է նվազեցնել Կոմունիստական կուսակցության հեղինակությունը, քանի որ կուսակցության կառավարման հիմքում ընկած է ժողովրդի կամքը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հարկահավաքների դեմ ուղղված զայրույթի արդյունքում Չինաստանի արևելյան մասում տեղի են ունեցել բախումներ գործարարների և ոստիկանության հատուկ ուժերի միջև:

Երկրի պետական լրատվամիջոցների վկայությամբ, խռովությունները սկսել են, երբ երեխաների հագուստ արտադրող ընկերության սեփականատերը հրաժարվել է հարկեր վճարելուց, ինչից հետո հավաքել է մի խումբ՝ հարկային տեսուչի վրա հարձակում իրականացնելու նպատակով:

Չինաստանի կառավարության կողմից վերահսկվող կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն, խռովությունների սկզբից դրանց մասնակիցների թիվը կազմել է մոտ 600 մարդ, սակայն խռովությունները շատ արագ են տարածվել:

«Հուժու օնլայն» կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, խռովություններին մասնակցելու համար ձերբակալվել է առնվազն հինգ, կալանավորվել` ավելի քան 20 մարդ:

XS
SM
MD
LG