Մատչելի հղումներ

Չինաստանի իշխանությունները խոստացել են ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ


Երկրի իշխանությունները փորձում են հավասարակշռություն ապահովել բնակավայրերի արագ զարգացման և շրջական միջավայրի աղտոտման նկատմամբ մարդկանց զայրույթի միջև

Չինաստանի իշխանությունները խոստացել են «խիստ պատժամիջոցներ» ձեռնարկել արդեն երկու օր շարունակվող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում իրենք քաղաքում ծանր մետաղների զտման գործարան կառուցելու ծրագրերի կապակցությամբ:

Իշխանությունների համաձայն, երկուշաբթի օրը խռովությունները տեղի են ունեցել երկրի կենտրոնական Շիֆանգ քաղաքում, որտեղ մի քանի հազար ցուցարար բախվել է ոստիկանության ծառայողների հետ կառավարական շենքերից մեկի մոտակայքում:
Բախումների ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, համացանցում հրապարակվել են ոստիկանության կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու պատկերներ:

Պաշտոնական տվյալների համաձայն, բախումների պատճառով վնասվածքներ է ստացել 13 մարդ:
Շիֆանգի ոստիկանությունը երեքշաբթի օրը պահանջել է, որ ցույցի կազմակերպիչները հանձնվեն՝ նշելով, որ համացանցը կամ տեքստային հաղորդագրությունները «անօրինական ցույցերի կազմակերպման համար օգտագործող անձինք» պետք է անհապաղ դադարեցնեն իրենց գործունեությունը:

Քաղաքի կառավարությունը երկուշաբթի օրը հայտնել է մոլիբդենի և պղնձի զտման գործարանի շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին: Քաղաքի բնակիչների կարծիքով նման ձեռնարկության գործունեության պատճառով կարտանետվեն մեծածավալ թափոններ, որոնք շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցնեն:

Չինաստանում տեղական մակարդակի վրա գնալով ավելի հաճախ են դառնում բողոքի նման ցույցերը: Երկրի քաղաքների իշխանությունները փորձում են հավասարակշռություն ապահովել բնակավայրերի արագ զարգացման և շրջական միջավայրի աղտոտման նկատմամբ մարդկանց զայրույթի միջև:
XS
SM
MD
LG