Մատչելի հղումներ

Իրավապաշտպաններ. «Չինաստանում տարեկան մահապատժի է ենթարկվում չորս հազար մարդ»


Իրավապաշտպաններ. «Չինաստանում տարեկան մահապատժի է ենթարկվում չորս հազար մարդ»
Իրավապաշտպաններ. «Չինաստանում տարեկան մահապատժի է ենթարկվում չորս հազար մարդ»

ԱՄՆ-ից գործող «Dui Hua» հիմնադրամի համաձայն, Չինաստանը զգալի առաջընթաց է գրանցել մահապատժի կիրառման դեպքեր նվազեցնելու գործում, սակայն այս երկրում տարվա ընթացքում մահապատժի ենթարկվող անձանց ցուցանիշը դեռևս ամենաբարձրն է աշխարհում:

Իրավապաշտպան այս կազմակերպությունը երեքշաբթի օրը հրապարակված իր զեկույցում նշել է, որ 2007 թվականից Չինաստանում մահապատժի ենթարկված անձանց թիվը նվազել է գրեթե երկու անգամ, սակայն, կազմակերպության գնահատականների համաձայն, այս երկրում տարեկան մահապատժի է ենթարկվում ավելի քան չորս հազար մարդ:

Կազմակերպությունը կոչ է արել նաև Չինաստանին լինել առավել թափանցիկ՝ երկրում մահապատժի մասին վիճակագրությունը ներկայացնելու գործում, ինչը Չինաստանում համարվում է խիստ պահպանվող պետական գաղտնիք:

Իրավապաշտպանների համաձայն, եթե հասարակությունը և պաշտոնատար անձինք տեղեկացված լինեն երկրում մահապատժի կիրառման իրականա ծավալների մասին, հնարավոր կլինի ավելի արագ հասնել մահապատժի կիրառման դադարեցման:

Չինաստանի Գերագույն դատարանն այս տարվա սկզբին հրապարակել է մահապատիժների թվի նվազեցմանն ուղղված նոր ուղենիշներ: Բացի դրանից, երկրի օրենսդրությունում 68-ից 55-ի է հասցվել քրեական այն հանցագործությունների թիվը, որոնց համար մահապատիժ է սահմանված:

Մահապատիժը սակայն դեռևս կիրառվում է ոչ բռնի քրեական որոշ հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են թմրամիջոցների անօրինական վաճառքն ու կաշառակերությունը:

XS
SM
MD
LG