Մատչելի հղումներ

Չինաստանը գործարկել է իր առաջին ավիակիրը


Ուկրաինայից 1998 թվականին գնված՝ 300 մետր երկարություն ունեցող նավը առաքվել և գործողության մեջ է դրվել Դալիան նավահանգստային քաղաքում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ

Չինաստանի առաջին ավիակիրը պաշտոնապես գործարկվել է երեքշաբթի օրն այն ժամանակ, երբ Ճապոնիայի հետ գնալով խորանում է տարածքային վեճը, իսկ տարածաշրջանում ավելանում են Չինաստանի կողմից ռազմական նավատորմի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների պատճառով առաջացող մտավախությունները:

Չինաստանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Խորհրդային Միության ժամանակաշրջանում կառուցված ավիակիրը, որն այժմ կրում է երկրի հյուսիս-արևելյան նահանգներից մեկի՝ Լիաոնինգի անունը, «կարևոր քայլ է՝ ռազմածովային ուժերը կարողությունները բարձրացնելու ուղղությամբ:

Ուկրաինայից 1998 թվականին գնված՝ 300 մետր երկարություն ունեցող նավը առաքվել և գործողության մեջ է դրվել Դալիան նավահանգստային քաղաքում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ:

Չինաստանի ռազմածովային ուժերի կոնտրադմիրալ և Ժողովրդական ազատագրման բանակի պաշտպանության ազգային համալսարանի ռազմավարական հետազոտությունների նախկին տնօրեն Յանգ Յիի համաձայն, ավիակիրը «հիմնականում օգտագործվելու է գիտական ուսումնասիրությունների և ուսումնական առաքելությունների համար»:

Երկրի պաշտոնական «Չայնա դեյլի» օրաթերթում հրապարակած իր հոդվածում Յանգ Յին հերքել է Չինաստանի կողմից ռազմածովային ուժերի հզորությունների ավելացման պատճառով առաջացած քննադատությունը՝ ասելով, թե «բնական է, որ Չինաստանը պետք է ունենա իր սեփական ավիակիրը» և պնդելով, որ աշխարհի հիմնական բոլոր տերությունների զինանոցում արդեն իսկ առկա են նման գործառույթներ ունեցող նավեր:

Ժողովրդական ազատագրման բանակի պաշտպանության ազգային համալսարանի ռազմավարական հետազոտությունների նախկին տնօրենի համաձայն, զինանոցում ավիակիր ավելացնելը չի փոխելու Պեկինի ռազմավարության «պաշտպանական» ուղղվածությունը: Նա սակայն միաժամանակ նշել է, որ երկրի ծովային ընդարձակ տարածքները և ծովային բազմաթիվ իրավունքներն ու շահերը պետք է ապահովվեն համապատասխան մակարդակի պաշտպանությամբ:
XS
SM
MD
LG