Մատչելի հղումներ

Պեկինի ոստիկանությունը կանխել է քրիստոնեական եկեղեցու ծիսակատարությունը


Պեկինի ոստիկանությունը կանխել է քրիստոնեական եկեղեցու ծիսակատարությունը

Չինաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է քրիստոնեական չգրանցված եկեղեցու բազմաթիվ հետևորդների, որոնք, Պեկինում գտնվող ծիսակատարության սովորական վայրից վտարված լինելուց հետո, կատարել են բացօթյա ժամերգություն անցկացնելու փորձ։

Մոտ 1 000 հետևորդ ունեցող բողոքական եկեղեցու առաջնորդները հորդորել են հավատացյալներին հավաքվել Պեկինում գտնվող ռեստորաններից մեկում եկեղեցու կողմից վարձատրվող տարածքից վտարվելուց հետո։ Հավաք կազմակերպելու մասին տեղեկացված ոստիկանությունը սակայն ցանկապատել էր այն տարածքը, որտեղ, ըստ եկեղեցու ծրագրերի, պետք է անցկացվեր միջոցառումը, և ձերբակալել հավաքի վայր ժամանած մարդկանց։

Չինաստանի կոմունիստական կառավարությունը թույլատրում է արարողություններ անցկացնել միայն պետության կողմից իրավունք ստացած եկեղեցիներին, սակայն Չինաստանի 80 միլիոն քրիստոնյաների մեծ մասը կրոնական արարողություններ է անցկացնում՝ մասնակցելով որպես «տնային եկեղեցիներ» հայտնի հավաքույթներին, որոնք պարբերաբար դառնում են ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների թիրախ։

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության համաձայն, եկեղեցու հետևորդներից մեկը, որին կիրակի օրը հաջողվել է խուսափել ձերբակալությունից, հայտնել է, որ կալանավորվել է մոտ 200 հավատացյալ։

XS
SM
MD
LG