Չինաստանի ամենահարուստ մարդը` միլիարդատեր Լիանգ Վենգենը, նախատեսում է անդամակցել երկրի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին:
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է չինական պետական «Գլոբալ Թայմս» պարբերականը, որի համաձայն Հունան քաղաքում իր գործունեությունն իրականացնող «Sany Group» մեքենաշինական ընկերության նախագահ Լիանգ Վենգենը դառնալու է Կենտրոնական կոմիտեին անդամակցած մասնավոր հատվածի առաջին ներկայացուցիչը:
Թերթի հավաստմամբ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպչական բաժինն ավարտել է կուսակցություն անդամակցելու համար Լիանգի գնահատումը:
Ամերիկյան «Ֆորբս» ամսագրի համաձայն, Լիանգ Վենգենի կարողությունը կազմում է 10 միլիարդ դոլար:
Սպասվում է, որ Լիանգ Վենգենը կարող է ընտրվել որպես Կենտրոնական կոմիտեի անդամ կամ անդամակցության թեկնածու 2012 թվականին կայանալիք Կոմունիստական կուսակցության 18-րդ Համազգային համագումարի ընթացքում:
«Թայմս Վիքլի» պարբերականի հավաստմամբ, Լիանգը կարող է ընտրվել Հունան նահանգի կամ նահանգի մայրաքաղաք Չանգշա քաղաքի կառավարության պաշտոններից մեկում:
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ունի մոտ 300 անդամ, որոնց կողմից նշանակվում է երկրի Պոլիտբյուրոն: