Չինաստանում ցուցադրվել է երկրում կառուցված առաջին մարդատար օդանավը, որը համաշխարհային շուկայում մրցելու է ավիաշինարարության Արևմտյան երկու հսկա ընկերությունների հետ:
«Commercial Aircraft Corporation of China» (COMAC) ընկերությունը Չինաստանի հարավում գտնվող Ժուհայ քաղաքում անցկացվող ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում երեքշաբթի օրը ներկայացրել է «C919» մակնիշի մարդատար ինքնաթիռի նախնական տարբերակը:
Ընկերությունը հայտնել է, որ տեղական երեք ավիաընկերությունների հետ արդեն ստորագրվել է «C919» մակնիշի մոտ 100 ինքնաթիռ մատակարարելու պայմանագիր:
«C919» մակնիշի նոր ինքնաթիռը, որն ունենալու է ավելի քան 150 ուղևոր տեղափոխելու տարողունակություն, ներկայացվում է որպես այլընտրանք եվրոպական «Airbus A320» և ամերիկյան «Boeing 737» մակնիշի ինքնաթիռներին:
«COMAC» ընկերությունը նախատեսում է, որ նոր ինքնաթիռի փորձնական թռիչքն իրականացվելու է 2014 թվականին, իսկ երկու տարի անց սկսվելու է ինքնաթիռների մատակարարումը գնորդներին:
Գալիք 20 տարվա ընթացքում ընկերությունը ծրագրում է ամբողջ աշխարհում վաճառել «C919» մակնիշի ավելի քան 2 հազար ինքնաթիռ: