Մատչելի հղումներ

Շառլ Ազնավուրը 87 տարեկան հասակում շրջագայություն է մեկնարկում


Շառլ Ազնավուրի կատարումը Միլանում 2010 թվականի հուլիսի 19-ին (արխիվային լուսանկար)

«Նա կարող է լինել 87 տարեկան, սակայն Ֆրանսիայի խորհրդանիշը դարձած Շառլ Ազնավուրը նույնիսկ լսել չի ուզում, որ շուտով մեկնարկող իր շրջագայությունը հրաժեշտի շրջագայություն է»:

Այս խոսքերով սկսվում է հեղինակ Բենեդիքթ Ռեյի Շառլ Ազնավուրին նվիրված հոդվածը, որը հրապարակվել է «Ֆրանս պրես» գործակալության կողմից:

Հոդվածում հեղինակը նշում է, որ Ազնավուրը, անդրադառնալով շրջագայությանը, ասում է, որ երբեք չի ասել, որ այն լինելու է վերջինը:

«Ամբողջ աշխարհում Ազնավուրի երկրպագուները ուրախությամբ ընդունեցին այն լուրը, որ սեպտեմբերի 7-ից սկսած առասպել դարձած շանսոնիեն մեկ ամսվա ընթացքում համերգներ է տալու Փարիզի «Օլիմպիա» թատրոնում, որտեղ 55 տարի առաջ նա սկսել է իր կարիերան, որոնց հետևելու է իր շրջագայությունը», - գրում է Ռեյը:

Հեղինակի համաձայն, Ազնավուրի կողմից մոտ 1 000 երգ և 60 կինոնկար անց կրկին տարածվել են ասեկոսեներն այն մասին, որ ինքը կարող է ընտրել այս պահը` բեմից հեռանալու համար: Ազնավուրը սակայն հերքում է նման լուրերը` ասելով, թե այս շրջագայությունը լինելու է իր վերջին շրջագայություններից մեկը, «սակայն երբ ամերիկացի ռեժիսոր Մարթին Սկորսեզեն ներկայացնում է իր վերջին ֆիլմը, ոչ ոք չի ասում, որ նա այլևս ֆիլմեր չի նկարի»:

Հոդվածի հեղինակը գրում է, որ շրջագայությանն ընդառաջ Ազնավուրը հրապարակել է «Մեկ դռնից մյուսը» վերնագրով մտքերի և հիշողությունների մի ժողովածու, ինչպես նաև օրիգինալ երգերի «Միշտ» կոչվող մի ալբոմ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նոր երգեր է նա կատարելու շրջագայության ընթացքում, Ազնավուրն ասել է, որ իր հետ սկսել է աշխատել հայաստանցի մի դուդուկահար, և ոգևորությամբ հայտնել, որ ինքը պատրաստվում է կատարել դուդուկի ուղեկցությամբ կատարվող մի երգ, որը բեմում ներկայացնելու հնարավորություն դեռևս չի ունեցել:

«Ես, մնացած բոլոր կատարողների նման, սիրում եմ անել այն, ինչ ինձանից առաջ ոչ ոք չի արել, և իմ տարիքին, ես որևէ մեկին չեմ կանգնեցնում դա անելուց: Ընդհակառակը` կարծում եմ, որ ես բացում եմ այդ ճանապարհը», - ասել է Շառլ Ազնավուրը:

XS
SM
MD
LG