Մատչելի հղումներ

Օլանդն ու Սարկոզին դուրս են եկել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ


Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսուա Օլանդը դուրս է եկել Ֆրանսիայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 28 տոկոսը:

Երկրի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին ընտրությունների արդյունքներով հավաքել է ձայների մոտ 27 տոկոսը: Այսպիսով, երկու թեկնածուները մրցելու են Ֆրանսիայում մայիսի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները անակնկալ չեն մատուցել, քանի որ նախքան ընտրություններն անցկացված հասարակական կարծիքների արդյունքներով նախագահ Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Օլանդը մշտապես համարվել են նախընտրական պայքարի առաջատար թեկնածուներ:

Ընտրությունների առաջին փուլի ընթացքում մրցել է տասը թեկնածու: Քվեարկության ընթացքին հետևող դիտորդները սակայն չեն սպասել, որ ազգայնական Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարին ԼեՊենը կստանա ընտրողներին ձայների 18 տոկոսը:

ԼեՊենն ավելի ուշ հայտնել է, թե նախատեսում է դիմել իր հետևորդներին՝ խորհուրդ տալով, թե ինչ ընտրություն է անհրաժեշտ կատարել նախագահական ընտրապայքարի երկրորդ փուլում:

Նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 80 տոկոս:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը կվերսկսվի երկուշաբթի օրը:

XS
SM
MD
LG