Մատչելի հղումներ

«Երկու քայլ հետ՝ Կովկասում»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստարը՝ Բաքվուն, Հեյդար Ալիևի արձանի առջև

Պրոֆեսոր Ռութլանդ. «Այժմ բավականին դժվար է դիմել Ղարաբաղում ապրող հայերին՝ խնդրելով լուռ ընդունել մի գաղափար, որի համաձայն իրենց հայրենիքի շուրջ ծավալված վեճի լուծումը Ադրբեջանի կառավարման տակ ապրելու վերադարձն է»

«Վերջին օրերին տեղ է ունեցել խորհրդանշանակ երկու իրադարձություն, որոնք պարունակում են Կովկասի առանց այն էլ լարված տարածաշրջանում թշնամանքը հրահրելու վտանգ»:

Այս բառերով է սկսվում «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի կայքում հրապարակված խմբագրականը, որի հեղինակը՝ Քոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքում գտնվող՝ Միացյալ Նահանգների ամենահին և ճանաչված համալսարաններից մեկի՝ Ուեսլեյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը հիշեցնում է, որ Հունգարիայում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարանին 2004 թվականին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն օգոստոսի 31-ին ուղարկվել էր իր հայրենիք:

«Հունգարիայի կառավարությունը փոխանցել է դատապարտյալին Ադրբեջանին այն պայմանով, որ վերջինս շարունակելու է իր հարազատ երկրում կրել պատիժը: Սակայն Բաքու վերադառնալուն պես լեյտենանտ Սաֆարովին ներում է շնորհվել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, վերականգնվել է նրա կարգավիճակը՝ որպես այդ երկրի զինծառայողի, նա ստացել է ավելի բարձր՝ մայորի կոչում, նրան տրամադրվել է բնակարան և վճարվել բանտում անցկացված ժամանակի ընթացքում կուտակված աշխատավարձը: Այս գործողություններն արժանացել են Վաշինգտոնի, Մոսկվայի և Եվրոպայի կառավարությունների համատեղ քննադատության», - գրում է հեղինակը:

«Բացի դրանից, որ նման քայլը հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին, առավել անհանգստացնող է այն ուղերձը, որը նման քայլը հղում է ամբողջ աշխարհին, այն է՝ Ադրբեջանի կառավարության կարծիքով, հայերին սպանելը թույլատրելի է: Ակնհայտ է, որ հայերի ուժերի կողմից 1992-ից 1994 թվականների ընթացքում պարտություն կրելուց նրանք ապրել են այնպիսի խորը վիրավորանք, որ պատրաստ են արդարացնել նույնիսկ սպանությունը: Այս դեպքում բավականին դժվար է դիմել Ղարաբաղում ապրող հայերին՝ խնդրելով լուռ ընդունել մի գաղափար, որի համաձայն իրենց հայրենիքի շուրջ ծավալված վեճի լուծումը Ադրբեջանի կառավարման տակ ապրելու վերադարձն է», - նշում է խմբագրականի հեղինակը:

Պրոֆեսոր Ռութլանդը պնդում է, որ այս մեկ գործողությունը բավարար է՝ ի չիք անելու բազում տարիների ընթացքում կապերը վերահաստատելու և փոխադարձ վստահությունը վերականգնելու ուղղությամբ աշխատող դիվանագետների և ակտիվիստների համբերատարությամբ տարվող աշխատանքը, առանց որի խաղաղության որևէ կարգավորումն անիրագործելի երազանք է:

«Խնդիրը սաստկացրել է պակաս նշանակալից, սակայն այնուամենայնիվ հատկանշական մի ժեստ», - գրում է Ռութլանդը: - «Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևին՝ ծաղկեպսակ դնելով Բաքվի կենտրոնում գտնվող վերջինիս արձանի մոտ: Ամենայն հավանականությամբ, Բաքու ժամանելուց հետո այս կանգառը մտնում է ԱՄՆ-ի դեսպանների պաշտոնական այցելությունների ցանկի մեջ: Լուսանկարներում նաև հստակ երևում է, որ արձանի մոտ կանգնած դեսպանը խոնարհել էր իր գլուխը, չնայած այս տեղեկություններն ավելի ուշ հերքվել են ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակից կողմից»:

Ըստ հեղինակի, պարոն Մորնինգստարի այս բավականին բազմիմաստ ժեստը հղել է երկու սխալ ազդանշան: «Առաջինը. այն հուսահատեցնող է Ադրբեջանում ժողովրդավարության ջատագով այն ակտիվիստների համար, որոնք տեսնում են, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է բռնապետությունը որպես կառավարման պատշաճ եղանակ, ինչն այնքան նման է ամբողջ Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականությանը», - գրում է Ռութլանդը:

«Երկրորդ ազդանշանն ուղղված է Հայաստանին, ինչպես նաև Հայաստանի հիմնական դաշնակից Ռուսաստանին, և վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն սատարում է Ադրբեջանի կառավարությունը և այս երկրում տիրող անօրինությունները: Ռազմավարական շահերը՝ Կասպից ծովի նավթը, Կենտրոնական Ասիայի հասանելիությունը, Իրանի սանձահարումը առավել են կարևոր մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացի նրբություններից», - նշում է հեղինակը՝ շեշտելով. «Սա գրեթե անհնարին է դարձնում Հայաստանի համար ակնկալել, որ Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում հանդես է գալիս որպես անաչառ միջնորդ»:

«Եթե Միացյալ Նահանգները չի կարող ստանձնել նման դերակատարություն, ապա ոչ ոք չի ստանձնի այն», - պնդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականում հրապարակված խմբագրականի հեղինակ, Ուեսլեյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը:
XS
SM
MD
LG