Մատչելի հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու աշխարհի կրոնական առաջնորդները բողոքել են Սաֆարովի փոխանցման կապակցությամբ


«Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և աշխարհի կրոնական հիմնական կազմակերպություններն իրենց վրդովմունքն ու մտահոգությունն են արտահայտել Հայաստանի սպային սպանած այդրբեջանցի սպային Հունգարիայի բանտից Ադրբեջանի իշխանություններին փոխանցելու կապակցությամբ»:

Այս մասին ասված է Հայոց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի կողմից սեպտեմբերի 4-ին հրապարակված հաղորդագրությունում, որի համաձայն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:

Ըստ հաղորդագրության, Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ է անդրադարձել Բուդապեշտում 2004 թվականին Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա, քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը:

«Կոչ ենք ուղղում Հայոց Եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև` հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: Դիմում ենք նաև մեր Քույր Եկեղեցիներին և կրոնական բոլոր կազմակերպություններին` դատապարտելու այս իրողությունը և իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության և ճշմարտության», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարության մեջ:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը դիմել է Հայոց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի միջեկեղեցական կապերի պատասխանատու, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանին այս խնդիրը քույր եկեղեցիների առաջնորդների հետ հանդիպմանը մասնակցելու հարցով: ԱՄՆ-ում Եկեղեցիների Ազգային խորհրդի նախկին նախագահ արքեպիսկոպոս Հայկազյանը գտնվում է Հունաստանի Կոլիմպարի քաղաքում՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի հանդիպմանը մասնակցելու նպատակով, որտեղ քննարկելու է ստեղծված իրավիճակը աշխարհի եկեղեցիների առաջնորդների հետ։

Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:

Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարիանունից Կարդինալ Էրդոն դատապարտել է նաև ազգային պատկանելության հողի վրա իրականացված բռնությունն ու ատելությունը:

Արձագանքելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կոչին`Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և անդամ 349 Եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը: Անդրադառնալով Հունգարիայի և Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որոնք կոպտորեն խաթարում են խաղաղությունը և արդարությունը տարածաշրջանում:
XS
SM
MD
LG