Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել ԱՄՆ-ի Սենատում


Արարողությունն անցկացվել է ԱՄՆ-ի սենատորներ Մենենդեսն ու կոնգրեսական Ռոյսը գլխավորությամբ

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նույնանուն հանձնաժողովի նախագահները ապրիլի 24-ին գլխավորել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա արարողությունը:

Սենատոր Մենենդեսը բացման իր խոսքում շեշտել է, որ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, անթույլատրելի է դիմել երկիմաստ ձևակերպումների:

«Ցանկանում եմ հստակ նշել. այս երևույթի համար որևէ այլ բառ գոյություն չունի: Չկա որևէ մեղմասություն, դրանից հնարավոր չէ խուսափել, չկա որևէ արդարացում: Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին՝ պետք է հանձն առնենք հիմնարար ճշմարտության ճանաչումը, այն է՝ 1915-ից 1923 թվականներից տեղի ունեցածը ցեղասպանության իրականացմանն ուղղված գործողություններ էին, և այս ճանաչումը պետք է կատարի ինչպես Թուրքիան, այնպես էլ մեր կառավարությունը»:

Կոնգրեսական Ռոյսը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ Թուրքիայի իշխանությունները որևէ կերպ չէին թաքցնում հայերին բնաջնջելու իրենց մտադրությունը:

«ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, որն այն ժամանակ ականատես էր դարձել ոճռագործություններին, ասել էր, որ աքսորումները մի ամբողջ ժողովրդի ոչնչացման նպատակ էին հետապնդում, և նման հրամաններ տվողները քաջ գիտակցում էին դա: Եվ նրանք նույնիսկ չէին թաքցնում, այս նրա հետ կիսում էին ակնկալվող արդյունքը»:

ԱՄՆ-ի Կապիտոլիումում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը կազմակերպվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից: Արարողությանը, բացի սենատոր Մենենդեսից և կոնգրեսական Ռոյսից, մասնակցել են և իրենց ուղերձն են հղել մեկ տասնյակից ավելի ԱՄՆ-ի սենատորներ և կոնգրեսականներ:
XS
SM
MD
LG