Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը կայացրել է «Վիքիլիքս» կայքի հիմնադրին Շվեդիային հանձնելու որոշում, որտեղ նրան կարող են ներկայացվել սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքներ:
Գերագույն դատարանի կողմից 5 ձայն՝ կողմ, 2 ձայն՝ դեմ հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ դատարանը սատարել է ստորադաս երկու դատարանների կողմից Շվեդիայում եվրոպական ձերբակալության հրամանագրի հիման վրա որոնվող Ջուլիան Ասանժին հանձնելու մասին որոշումը:
Շվեդիայի իշխանությունները ցանկանում են հարցաքննել 40 տարեկան Ասանժին 2010 թվականին այս երկրում մեկ կնոջ բռնաբարության և մյուսի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքների հիման վրա:
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել է «Վիքիլիքս»-ի հիմնադրի փաստարկը, որի համաձայն մեղադրող կողմը չունի ձերբակալության հրամանագիր արձակելու իրավասություն:
«Մեծամասնությունը որոշում է կայացրել, որի համաձայն Շվեդիայի պետական մեղադրողն օժտված է դատական իրավասությամբ՝ ինչպես շրջանակային որոշում, այնպես էլ հանձնելու մասին որոշում կայացնելու իմաստով: Հետևաբար, Ասանժին հանձնելու մասին պահանջը ներկայացվել է օրինական եղանակով և նրա հանձնման դեմ ներկայացված բողոքն այսպիսով մերժվել է», - նշել է Գերագույն դատարանը:
Դատարանն Ասանժի փաստաբաններին այնուամենայնիվ տրամադրել է երկու շաբաթ ժամանակ՝ որոշումն ուսումնասիրելու և գործի վերաբացմանը դիմելու նպատակով:
Այս մեղադրանքները հերքող «Վիքիլիքս»-ի հիմնադիրն այժմ ունի դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու մեկ հնարավորություն: