Մատչելի հղումներ

«Standard Chartered» բրիտանական բանկին մեղադրել են փողերի լվացման մեջ


Մեղադրանքների պատճառով բանկի շուկայական արժեքը նվազել է մոտ մեկ քառորդով

Մեծ Բրիտանիայի «Standard Chartered» բանկը երեքշաբթի օրն անցկացված վաճառքների ընթացքում կորցրել է իր շուկայական արժեքի գրեթե մեկ երրորդն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրել են բանկը վերջին տասը տարվա ընթացքում Իրանից ստացված գրեթե 250 միլիարդ դոլար կազմող գումարի «լվացումն» իրականացնելու մեջ:

Բրիտանական խոշորագույն հինգերորդ բանկը գործունեություն է իրականացնում ամբողջ աշխարհում: Մինչ օրս բանկին հաջողվել է խուսափել Մեծ Բրիտանիայի բանկերում տեղի ունեցած ֆինանսական խախտումների բացահայտման թիրախը դառնալուց: Սակայն Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող բանկային ոլորտի կարգավորող մարմինը մեղադրել է բանկին 2001-ից մինչև 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում որպես «անվստահելի կազմակերպություն» գործելու մեջ:

Կարգավորող մարմնի համաձայն, բանկը հարյուր միլիոնավոր դոլար կազմող օգուտ է ստացել՝ Իրանի հետ մոտ 60 հազար գործարքների ընթացքում Նյու Յորքի իր մասնաճյուղի միջոցով գումարների անցկացման արդյունքում: ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, նման գործարքների պատճառով Միացյալ Նահանգների բանկային համակարգը խոցելի է դարձել ահաբեկիչների, թմրամիջոցների անօրինական վաճառքն իրականացնողների և ոչ վստահելի պետությունների համար:

Բանկի գործունեության կապակցությամբ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն քրեական գործ է հարուցել:

«Standard Chartered» բանկի ղեկավարությունը հայտնել է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները հերքելու, ինչպես նաև Նյու Յորքում առևտրային գործունեությամբ զբաղվելու լիցենզիա կրկին ստանալու համար ջանքեր գործադրելու մասին:

Շուկայում բանկի արժեթղթերի արժեքն այնուամենայնիվ իջել է՝ նվազեցնելով բանկի շուկայական արժեքը մոտ 12 միլիարդ դոլարով:
XS
SM
MD
LG