Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ճանաչել է Սիրիայի ընդդիմության դաշինքը


Արտգործնախարար Հեյգի համաձայն, Սիրիայի ընդդիմության ճանաչման շուրջ որոշումը կայացվել է եվրոպական գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտնել է իր երկրի կողմից Սիրիայի ընդդիմության դաշինքը ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշման մասին:

Հանդես գալով երկրի խորհրդարանում՝ արտգործնախարար Հեյգն ասել է, թե Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային դաշինքը «Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչն է»:

Արտգործնախարարի համաձայն, Սիրիայի ընդդիմադիր ուժերի դաշինքն այժմ համարվում է «արժանահավատ» այլընտրանք երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը:

Երկրի խորհրդարանին ուղղված իր ուղերձում նախարար Հեյգն ասել է, որ Սիրիայի ընդդիմությունը կստանա Մեծ Բրիտանիայում քաղաքական ներկայացուցչություն հիմնադրելու հրավեր, ինչպես նաև 1,6 միլիոն ֆունտ ստերլինգ չափով օգնություն՝ հեռահաղորդակցման սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան Սիրիայի ընդդիմադիր ուժերին առաջարկել է նաև օգնություն՝ քաղաքական և մարդասիրական կառույցների հիմնադրման, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող տարածքներ «կայունացման արձագանքի» անձնակազմ ուղարկելու գործում: «Կայունացման արձագանքի» խմբերը ընդդիմության կողմից վերահսկվող տարածքների բնակչությանը հիմնական կարիքները հոգալու հետ կապված օգնություն տրամադրելու նպատակ կհետապնդեն:

Արտգործնախարար Հեյգի համաձայն, Սիրիայի ընդդիմության ճանաչման շուրջ որոշումը կայացվել է եվրոպական գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների կողմից մարդու իրավունքները պաշտպանելու և ժողովրդավարական հասարակություն կառուցելու մասին ստացված խոստումներից հետո:

Սիրիայի ընդդիմության դաշինքի խոսնակ Վալիդ ալ-Բունին իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից ձեռնարկված քայլը «շատ մեծ կարևորություն ունի», և որ նման քայլը կնպաստի, որպեսզի ընդդիմության դաշինք անդամակցեն ավելի մեծ թվով սիրիացիներ, ինչպես նաև կքաջալերի եվրոպական այլ պետությունների կողմից դաշինքը ճանաչելու գործընթացը:

Սիրիայի ընդդիմության դաշինքն մինչ այժմ ճանաչվել էր Ֆրանսիայի, Թուրքիայի և Պարսից ծոցի արաբական վեց պետությունների կողմից: Միացյալ Նահանգները սակայն նման քայլի դեռևս չի դիմել:
XS
SM
MD
LG