Մատչելի հղումներ

«Ավելանում են Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վկայությունները». Քեմերոն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «չափազանց անհանգստացնող» է անվանել այս զարգացումները՝ հավելելով, որ դրանք պատերազմի հանցագործություններ են հանդիսանում, ինչը պետք է «կարմիր գիծ» դառնա միջազգային հանրության համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, սատարելով ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների կողմից հրապարակված հաղորդումը, ասել է, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման վկայությունների թիվը գնալով շատանում է:

Վարչապետ Քեմերոնը «չափազանց անհանգստացնող» է անվանել այս զարգացումները՝ հավելելով, որ դրանք պատերազմի հանցագործություններ են հանդիսանում, ինչը պետք է «կարմիր գիծ» դառնա միջազգային հանրության համար:

Մեծ Բրիտանիայ վարչապետը, համաձայնելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթներից մեկում արտահայտված այն համոզմունքին, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը «շրջադարձային» կլինի արդեն երկու տարի շարունակվող հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից զբաղեցրած դիրքորոշման առումով, միաժամանակ նշել է, որ նման գործողություններին արձագանքը պետք է ավելի շուտ լինի քաղաքական, այլ ոչ թե ռազմական բնույթի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Արաբական Միացյալ Էմիրություններ նախօրեին կատարած իր այցի ընթացքում տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները կարծիք են արտահայտել այն բանի մասին, թե Սիրիայի իշխանությունները երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների նկատմամբ փոքրածավալ հարձակումներից մեկի ընթացքում «զարին» տեսակի թունավոր նյութ են կիրառել:

Հեյգելն ասել էր, թե ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարողացել են «վստահության տարբեր աստիճաններով» հաստատել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները:

Նախարար Հեյգելի համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հինգշաբթի առավոտյան Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ նամակներ էր հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի մի քանի անդամի:
XS
SM
MD
LG