Մատչելի հղումներ

Վաշինգտոնում անօթևան մարդկանց փրկում են ձմեռվա ցրտից


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր է իջնում, անօթևաններն ըստ օրենքի, ապաստան և անկողին ստանալու իրավունք ունեն: Վաշինգտոնը երկրի քիչ քաղաքներից է, որտեղ դա օրենք է:

Խիստ ցուրտ եղանակին Վաշինգտոնի պետական և մասնավոր հաստատությունները իրենց դռներն են բացում գիշերային ապաստան փնտրողների համար:

Օգնության այս աշխատողը քաղաքի անօթևաններին տրանսպորտ է ապահովում դեպի ապաստարան, ինչպես նաև տրամադրում տաք հագուստ և վերմակ, որպեսզի կանխեն ցրտից մահանալու հավանականությունը։

Վաշինգտոնն ապաստանի իրավունքի քաղաքականությունը գործի դրեց 1988 թվականին, երբ յոթ անօթևան մահացել էին սառչելու արդյունքում:

Վաշինգտոնում ամեն գիշեր վեց հազար մարդ մնում են անօթևան, իսկ այս թվի գրեթե կեսն ամբողջ ընտանիքներ են: Նրանք ապրում են արտակարգ իրավիճակների ապաստարաններում, ժամանակավոր տներում, նույնիսկ հյուրանոցային համարներում:

Անօթևանների շահերի պաշտպան Քորնել Չափելի խոսքերով՝ առանց ցածր ջերմաստիճանի պայմաններում ապաստանի իրավունքի օրենքի՝ շատ ավելի մեծ թվով մարդիկ ձմեռային գիշերներ կանցկացներ փողոցում:

«Այդ օրենքը պաշտպանում է կյանքը: Բարոյական տեսանկյունից չենք ցանկանում, որ որևէ մեկը մահանա փողոցում: Եվ մենք հավատացած ենք, որ ամեն մարդ իր բնակարանում ապրելու իրավունքն ունի», - ասում է Չափելը:

Անօթևանների շահերի պաշտպանները ցանկանում են, որ Վաշինգտոնի ապաստանի իրավունքի օրենքը տարածվի ամբողջ տարվա վրա: Նրանք կարծում են՝ մարդիկ պետք է ապահով վայրում ապրելու իրավունք ունենան ցանկացած ժամանակ, ոչ միայն ձմռանը: Սակայն այդ գաղափարի դեմ հանրային ընդդիմություն գոյություն ունի։ Ուստի առայժմ Վաշինգտոնի հազարավոր անօթևաններ ձմեռվա ցրտից պաշտպանվելու միայն ժամանակավոր հնարավորություն ունեն։

XS
SM
MD
LG