Մատչելի հղումներ

Ցառնաև եղբայրները նախատեսում էին պայթյուններ իրականացնել ԱՄՆ-ի անկախության օրը


Հարձակման ծրագրերը փոխվել էին, քանի որ ահաբեկիչներին հաջողվել էր ավելի արագ պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարքերը

Բոստոնի իրավապահ մարմինների պաշտոնյաների համաձայն, կասկածյալ Ջոխար Ցառնաևը հայտնել է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին, թե ինքն ու իր ավագ եղբայր Թամերլանը Բոստոնի մարաթոնի ընթացքում իրականացված հարձակումների փոխարեն նախատեսում էին իրականացնել ինքնասպան ռմբակոծություն հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի անկախության օրը:

Պաշտոնյաների համաձայն, Ջոխարը հայտնել է նրանց, որ հարձակման ծրագրերը փոխվել են, քանի որ նրանց հաջողվել էր ավելի արագ պատրաստել ինքնաշեն պայթուցիկ սարքերը:

Ջոխար Ցառնաևն ասել է նաև, թե ինքն ու իր եղբայրը դիտել են 2011 թվականին ԱՄՆ-ի անօդաչու օդանավի հարձակման արդյունքում սպանված մահմեդական ծայրահեղական հոգևորական Անվար ալ-Ավլաքիի կողմից անցկացվող արարողությունները: Չկա սակայն որևէ վկայություն այն մասին, որ ահաբեկիչ եղբայրներին հաջողվել էր անմիջական կապ հաստատել Ավլաքիի հետ:

Միացյալ Նահանգների դաշնային գործակալներն օրերս ձերբակալել են Ղազախստանի երկու և ԱՄՆ-ի մեկ քաղաքացու, որոնց ներկայացվել են Բոստոնի ռմբակոծությունների հետաքննությանը խոչընդոտելու մեղադրանքներ:

Ձերբակալությունների կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել Ղազախստանի իշխանությունները, որոնք հայտնել են Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցելու և ահաբեկչության բոլոր եղանակները դատապարտելու մասին:
XS
SM
MD
LG