Մատչելի հղումներ

Պայթյուն Դամասկոսում՝ հյուրանոցի մոտակայքում


Լիցքավորման բեռնատարի վրա տեղադրված սարքի պայթյունն իրականացվել է այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ բնակվում էին Միավորված ազգերի կազմակերպության դիտորդները

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի մայրաքաղաք Դամասկոսի հյուրանոցներից մեկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի մասին: Հաղորդագրության համաձայն, հյուրանոցում բնակվում էին Միավորված ազգերի կազմակերպության դիտորդները:

Պայթյունն իրականացվել է լիցքավորման բեռնատարի վրա տեղադրված սարքի: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել երեք մարդ:

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆայսալ Մեքդադի համաձայն, ՄԱԿ-ի դիտորդներից ոչ մեկը պայթյունի հետևանքով վնասվածքներ չի ստացել: Մեքդադը կոչ է արել միջազգային հանրությանը «ձեռք ձեռքի տված՝ պայքարել ահաբեկչության դեմ»:

Սիրիայում տիրող իրավիճակը քննարկվելու է հինգշաբթի օրը կայանալիք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստի ընթացքում՝ օգոստոսի 19-ին Սիրիայում դիտորդների առաքելության ժամկետը լրանալուց առաջ:

Չինաստանի պաշտոնական «Փիփլս դեյլի» օրաթերթը չորեքշաբթի օրը քննադատության է ենթարկել Արևմուտքի պետություններին՝ Սիրիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի ստեղծելու հնարավորությունը քննարկելու համար: Թերթը նշել է, որ նման մեկնաբանությունները խարխլում են ՄԱԿ-ի միջնորդական աշխատանքները և վնաս հասցնում Անվտանգության խորհրդի միասնականությանը:

57 անդամ պետություն ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարները Մեքքայում այս ընթացքում անցկացնում են գագաթաժողով, որից առաջ համաձայնության են եկել այս կազմակերպությունից Սիրիան հեռացնելու մասին: Սիրիայի դաշնակից Իրանի արտգործնախարարը սակայն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր երկիրը երբեք չի ընդունի նման առաջարկ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան այս շաբաթվա սկզբին համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի է Սիրիայի օդային տարածքում սահմանել թռիչքազերծ գոտի, սակայն նման առաքելություն մեկնարկելու համար անհրաժեշտ «կարևորագույն որոշում» դեռևս չի կայացվել:

Պանետայի համաձայն, Միացյալ Նահանգները մշակել է Սիրիայում հնարավոր զարգացումների վերաբերյալ որոշ ծրագրեր, սակայն շեշտել է, որ թռիչքազերծ գոտի սահմանելը բավականին դժվար գործ է և այժմ դրա սահմանումն առաջնորդություն չի համարվում:
XS
SM
MD
LG