Ռուսաստանում փոքր մի զբոսանավ Մոսկվա գետի վրա բախվել է մի լաստանավի, ինչի արդյունքում զոհվել են նավի մեջ գտնվող 16 անձանցից 9-ը։ Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի Լուժինսի մարզադաշտի մոտակայքում։
Ռուսաստանի հետաքննիչները տեղեկացնում են, որ վթարի ենթարկված նավի նավապետը, որը նույնպես զոհվածների թվում է, նավարկության կարգը խախտելու մեղադրանքով նախկինում մի քանի անգամ կանգնել է պատասխանատվության առջեւ։ Պաշտոնատար անձինք կարծում են, որ այս անգամ եւս նավապետը գերազանցել է նավի թույլատրելի առավելագույն արագությունը։
Վթարից հետո լաստանավի անձանկազմի անդամներն օգնություն են ցուցաբերել զբոսանավի ողջ մնացած ուղեւորոներին, որոնց մեջ կա Թուրքիայի մի քաղաքացի եւ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան մի աշխատակից։