Մատչելի հղումներ

Բայդենը զգուշացրել է Ռուսաստանին «դեպի մեկուսացում տանող խավար ճանապարհի» մասին


«Մենք վճռականորեն կանգնած ենք բալթյան մեր դաշնակիցների կողքին՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն տրամադրելու և Ռուսաստանի ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում»

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Լիտվայի և Լատվիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կկանգնի ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի պաշտպանության,՝ զգուշացնելով Ռուսաստանին, որ Ուկրաինայի նկատմամբ վերջինիս գործադրվող ջանքերը «դեպի մեկուսացում տանող խավար ճանապարհ» են:

Այս մասին հայտարարությամբ ԱՄՆ-ի փոխնախագահը հանդես է եկել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք վճռականորեն կանգնած ենք բալթյան մեր դաշնակիցների կողքին՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցություն տրամադրելու և Ռուսաստանի ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում», - ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը՝ հավելելով. «Այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կանգնած կմնա իր խավար ճանապարհի վրա, այն դեմ առ դեմ կկանգնի քաղաքական և տնտեսական մեկուսացման հետ»:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հավաստիացրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հաստատակամ է հարձակումներից իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասքի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Բայդենն ասել էր, որ նրանք քննարկել էին Ռուսաստանից ներմուծվող գազից, որը, ըստ ԱՄՆ-ի, Կրեմլն օգտագործում է որպես քաղաքական ճնշում գործադրելու լծակ, տարածաշրջանի կախվածության նվազեցման հնարավորությունները, ինչպես նաև վերահաստատել էին որպես ՆԱՏՕ-ի դաշինքի անդամներ երկու պետությունների փոխադարձ պարտավորությունները:

Փոխնախագահ Բայդենի համաձայն, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները պետք է միասնական լինելու անհրաժեշտության մասին հիշեցում լինեն ՆԱՏՕ-ի անդամներին: Նրա համաձայն, դաշինքի համար հիմնարար են անվտանգության միասնական երաշխիքները, և Վաշինգտոնը կդիմի լրացուցիչ քայլերի՝ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար:
XS
SM
MD
LG