Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, էներգետիկայի գծով ԵՄ հանձնակատար Գյունտեր Օթինգերի ուղեկցությամբ, այսօր ժամանել է Բաքու:
Բառոզուն ժամանել է Ադրբեջան` գլխավորելով Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը:
Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Բառոզուն հանդիպում է անցկացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` ներառյալ էներգետիկ բնագավառում առկա խնդիրները:
Նախատեսվում է, որ Եվրոպական Հանձնաժողովի նախագահի այցի շրջանակներում Բաքվում ստորագրվելու է «Հարավային միջանցքի» մասին համաձայնագիր:
Կողմերը նախատեսում են նաև ստորագրել Ադրբեջանի հետ ԵՄ-ի արդիականացման գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր:
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը Բաքվից երկօրյա այցով մեկնելու է Աշխաբադ, որտեղ հանդիպում է ունենալու Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՄ-ի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ողջ շրջանակը: