Մատչելի հղումներ

Ադրբեջանը չի ճանաչի Կոսովոյի անկախությունը


Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հարցում Սերբիան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին

՝՝Ադրբեջանը չի ճանաչի Կոսովոյի անկախությունը՛՛, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ավելացնելով, թե Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը ՝՝անօրինական քայլ էր՛՛։

Այս մասին հայտարարությամբ նա հանդես է եկել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ Բաքվում անցկացրած հանդիպումից հետո։

՝՝Մենք միջազգային կառույցների անդամներ ենք դառնում մեր ինքնիշխանության իրավունքները միջազգային օրենքներով պաշտպանելու համար՛՛, ասել է Ալիեւը, տեղեկացնելով, թե Սերբիայի իր պաշտոնակցի հետ ինքը քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները։

Նրա խոսքերով, այս հակամարտությունը եւս պիտի հիմնվի միջազգային օրենքների, սահմանների անխախտելիության ու տարածքների ամբողջականության սկզբունքների վրա։ ՝՝Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, հայերն արդեն այն դրել են ուժի մեջ, ինչի արդյունքում ունեն Հայաստանի պետությունը։ Սակայն եթե հետեւենք ինքնորոշման մասին հայերի մտածելակերպին, ըստ որի կարող են ինքնորոշվել, որտեղ ապրում են, աշխարհում կստացվի հայկական մի քանի պետություն՛՛, ըստ Ինտերֆաքսի հաղորդագրության, ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա խոստացել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը կստանա ինքնավարություն Ադրբեջանի կազմում, եթե հայկական ուժերը հեռանան։

Սերբիայի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցում իր աջակցությունն է հայտնել Ալիեւին։

՝՝Միջազգային օրենքները պաշտպանելու հարցում կարող եք ակնկալել մեր աջակցությունը՛՛, ասել է Տադիչը, ավելացնելով, թե իրենք խիստ դեմ են անջատողականությանը։

XS
SM
MD
LG