Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին


Հայաստանի նախագահն ընդունել է ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին
Հայաստանի նախագահն ընդունել է ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը Եվրամիության գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սերժ Սարգսյանի խոսքով, Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցության ոլորտները ուղենշելու համար:

Ընդգծելով, որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է՝ Սարգսյանն ասել է. «Մեր նպատակը շատ հստակ է, և բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր և հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»:

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում:

Էշթոնը կարևորել է Հայաստան- Եվրամիություն ամրապնդվող հարաբերությունները և բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման:

«Ուզում եմ գովասանքի խոսք հայտնել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել», - ասել է Քեթրին Էշթոնը:

Սերժ Սարգսյանը և Քեթրին Էշթոնը հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG