Մատչելի հղումներ

Հայերը քննադատել են Դիարբեքիր վերադառնալու կոչը


Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը հանդես է գալիս ցույցի մասնակիցների առջև ()
Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը հանդես է գալիս ցույցի մասնակիցների առջև ()

«Այս կոչը կարող է մեքենայությունների ենթարկվել թուրք ազգայնականների կողմից». Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն

Հայ սփյուռքի ճանաչված գործիչներ բացասական են արձագանքել Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրի կողմից հայերին և ոչ մահմեդական այլ ժողովուրդներին, որոնց նախնիները բնակվել են այս քաղաքում 1915 թվականից՝ Հայոց ցեղասպանությունից առաջ, քաղաք վերադառնալուն ուղղված կոչը:

Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սաֆարյանը, որի ընտանիքը ծագումով ներկայիս Թուրքիայի Յոզգաթ և Էլազիղ նահանգներից է, Բայդեմիրի հրավերքը քննադատության ենթարկած անձանցից է:

«Բայդեմիրի կոչը բավարար չէ: Բացի դրանից, այն կարող է մեքենայությունների ենթարկվել թուրք ազգայնականների կողմից», - «Հուրիեթ» թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Սաֆարյանը՝ համոզվածություն հայտնելով, որ Բայդեմիրը դիմել է այս քայլի՝ ելնելով նախ և առաջ քաղաքական նկատառումներից:

«Ինչպես և Թուրքիայի բազմաթիվ այլ նահանգներում, հայերի սպանդ է իրականացվել նաև Դիարբեքիրում: Ինչու՞ հայերը պետք է վերադառնան մի քաղաք, որտեղ նրանք այսքան ցավ են տեսել», - ասել է Սաֆարյանը:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում բնակվող հայազգի ռեժիսոր Սյուզան Խարդալյանն ասել է, թե չի հավատում այս կոչի լուրջ և անկեղծ լինելուն:

«Այն մեզ համար որևէ նշանակություն չունի. ոչ ոք չի վերադառնա: Ի՞նչ պայմաններում կհայտնվենք վերադառնալուն պես: Ես, իհարկե, ցանկանում եմ վերադառնալ իմ նախնիների երկիրը, սակայն նման պայմաններով դա կատարելն անհնար է», -ասել է ռեժիսոր Խարդալյանը:

Ֆրանսիահայ Կարո Յայլիքը, որի նախնիներն այս երկիր են գաղթել Վանից և Մարդինից, ասել է, թե իմաստալից չի համարում այս կոչը:

«Նրանք հայերին դիմում են միայն այն ժամանակ, երբ քաղաքական խնդիրների առջև են կանգնում», - ասել է Յայլիքը՝ հավելելով. «Հարցս հետևյալն է. ինչու՞ պետք է վերադառնանք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, հանդես գալով Դիարբեքիրում Երևանի մամուլի ակումբի կողմից կազմակերպված հայ և թուրք լրագրողների համագումարի շրջանակում, քաղաքագլուխ Բայդեմիրն ասել է, որ «հայերը, ասորիները և քաղկեդոնացիները, որոնց նախնիները ծնվել են Դիարբեքիրում, ունեն քաղաքում ապրելու նույն իրավունքը, ինչ ես՝ Դիրաբերքիրում ծնված ազգությամբ քուրս»:

«Վերադարձե՛ք ձեր քաղաք», - կոչ է արել Դիարբեքիրի քաղաքապետը՝ հանդես գալով լրագրողների առջև:
XS
SM
MD
LG