Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան


«Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը»

«Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ Լեհաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը»:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, որի համաձայն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անցկացվել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, որի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցեին:

Մասնավորապես, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Այն հարցին, թե Լեհաստանն արդյոք աջակցելու է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, Հայաստանի նախագահը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ Լեհաստանն աջակցում և օժանդակում է Հայաստանին:

«Մենք այդ աջակցության և օժանդակության կարիքն ունենք», - ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանին ուղղված մեկ այլ հարց վերաբերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության կարևորությանը և հեռանկարին՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը, ցածր եկամուտներով պետությունների շարքից տեղափոխվելով միջին եկամուտներով պետությունների շարքը, կորցրել է միջազգային դոնորական հանրության աջակցության զգալի մասը:

«Պատասխանելով այդ հարցին՝ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը: Սերժ Սարգսյանը խոսել է մաքսային և հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները: Նախագահն անդրադարձել է նաև 2014թ. հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների և ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում: Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է ներդրումները և օժանդակությունն այդ գործընթացին», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG