Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ-ի նախագահին


Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն հայտնել նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում», - ասված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հեռագրում:

Աշխարհի պետությունների կառավարություններն ու ղեկավարները դատապարտել են առնվազն երեք զոհի և հարյուրից ավելի վիրավորների պատճառը դարձած Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացումը:

Այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ «խորը ցնցում» է ապրել հարձակումների հետևանքով և ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքներին:

Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմփեյը դատապարտել է «սարսափելի հարձակումները»՝ վստահություն հայտնելով, որ ոճրագործները կենթարկվեն պատասխանատվության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի-մունը խստորեն դատապարտել է «անմիտ բռնությունները»: Նա ասել է, որ միջադեպը շատ ավելի զարհուրելի է, քանի որ այն տեղի է ունեցել «ամբողջ աշխարհից մարդկանց սպորտի և ներդաշնակության ոգով միավորելու համար հայտնի մի իրադարձության ժամանակ»:
XS
SM
MD
LG