Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին


Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով»:

Այս մասին ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է, որ Սերժ Սարգսյանը դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հանդիպման ընթացքում նրա հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին:

«Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Հայաստանի նախագահի համոզմամբ, Դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի շփումները և հաստատված քաղաքական երկխոսությունը ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ըստ հաղորդագրության, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Դաշինքի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցության, միջազգային անվտանգության համակարգին մեր երկրի ներդրման համար, միաժամանակ ընդգծելով, որ հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին», - եզրափակում է հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG