Մատչելի հղումներ

«Հայ որբերի գորգը՝ բարդ խնդիր ԱՄՆ-ի Սպիտակ տան համար»


Կոնգրեսական Շիվը՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան դիրքորոշման մասին. «Դժվարանում եմ որևէ այլ եզրահանգումների գալ բացի այն երզհահանգումից, որ նրանք չեն ցանկանում վիրավորանք հասցնել Թուրքիային: Եթե դա է դրդապատճառը, ապա այն միանգամայն անընդունելի է»

«Հայ որբերի գործած հինավուրց գորգը քաղաքական բարդ խնդիր է այժմ ներկայացնում ԱՄՆ-ի Սպիտակ տան համար»:

Այս մասին, անդրադառնալով «Հայ որբերի գորգի» խնդրին, գրում է «ՄըքՔլեթչ» լրատվական գործակալությունը, որը հիշեցնում է, որ Կալիֆրոնիայի և հայերի մեծ բնակչություն ունեցող այլ նահանգների օրենսդիրները պահանջում են հանրային ցուցադրման դնել գորգը, մինչդեռ ԱՄՆ-ի Սպիտակ տունը պնդում է, որ գորգը չպետք է դուրս բերվի պահեստից:

«Համոզված եմ, որ ոմանց համար գորգի խնդիրը կարող է զգայուն թեմա լինել, սակայն այս գորգը մեծ կարևորություն ունի: Այն շատ կարևոր է ամբողջ համայնքի համար», - գործակալությանը տված հարցազրույցում ասել է Կալիֆորնիա նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն:

«Հայ որբերի գորգին» նվիրված հոդվածում գործակալությունը հիշեցնում է, որ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ համահեղինակությամբ, ԱՄՆ-ի Սպիտակ տանը նամակ են հղել, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը: Նամակը ստորագրել է երկու կուսակցությունները ներկայացնող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 30 անդամ:

Հոդվածում նշված է, որ կոնգրեսական Ադամ Շիֆը հստակ վերագրել է «Հայ որբերի գորգի» ցուցադրումից հրաժարումը ԱՄՆ-ի Սպիտակ տան դիվանագիտական մտավախություններին:

«Դժվարանում եմ որևէ այլ եզրահանգումների գալ բացի այն երզհահանգումից, որ նրանք չեն ցանկանում վիրավորանք հասցնել Թուրքիային: Եթե դա է դրդապատճառը, ապա այն միանգամայն անընդունելի է», - գործակալությանը տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Շիֆը:

«ՄըքՔլեթչ»-ի հրապարակման մեջ է բերվում նաև ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնի խոսքը, որի համաձայն Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի ցուցահանդեսի ընթացքում գորգի ցուցադրումը կհամարվի ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում:
«Այն կպահանջի ԱՄՆ-ի Սպիտակ տանից դիմել հանրային սահմանափակ ցուցադրման նպատակով փոխադրման հետ կապված ռիսկի և չի համարվում գորգի պատմական նշանակությանը համապատասխանող», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարը՝ ըստ էության կրկնելով այն արձագանքը, որն ավելի վաղ տրվել էր «Հայ որբերի գորգի» ցուցադրման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից ներկայացված հարցին:

Գործակալության վկայությամբ՝ է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Մագնուսոնը սակայն նշել է, որ «Հայ որբերի գորգը» պահեստում թողնելու որոշումը «չի բացառում ապագայում դրա ցուցադրման հնարավորությունը», ինչին կոնգրեսական Շիֆն արձագանքել է՝ խոստանալով ստուգման ենթարկել առաջարկությունն այս կամ նման մեկ այլ գորգի ցուցադրում նախատեսող ևս մեկ միջոցառման կազմակերման միջոցով:

«ՄըքՔլեթչ» լրատվական գործակալությունն իր հոդվածում մեջ է բերել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության մամուլի գծով խորհրդական Մուսթաֆա Սունգուրի խոսքը, որի համաձայն Թուրքիան «Հայ որբերի գորգի» ցուցադրման հարցով որևէ հաղորդակցություն չի ունեցել ԱՄՆ-ի կառավարության հետ և այս կապակցությամբ որևէ գործողությունների չի դիմել:
XS
SM
MD
LG