Մատչելի հղումներ

Հայաստանի պաշտոնյաներն այցելել են Վիսկոնսին նահանգի «Դոջ» ուղղիչ հաստատությունը


Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայն Առուստամյանի համաձայն, Հայաստանում նոր բանտ է կառուցվում, որտեղ անհրաժեշտ է ներառել կառավարման նոր մեթոդներ

Վիսկոնսին նահանգի «Դոջ» ուղղիչ հաստատությունն ընդունել է Հայաստանի 14 պաշտոնյաների, որոնք ուսումնասիրում են Միացյալ Նահանգների կալանավայրերի համակարգը:

Հայաստանցի այցելուների խումբը գլխավորող Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայն Առուստամյանի համաձայն, Հայաստանում նոր բանտ է կառուցվում, որտեղ անհրաժեշտ է ներառել կառավարման նոր մեթոդներ:

«Անկախ նրանից, թե որքան լավ բան կտեսնենք այստեղ, հին բանտում հնարավոր չէ իրականացնել մեծ փոփոխություններ, սակայն ցանկանում ենք ապահովել, որ նոր բանտում կիրառվեն նոր գաղափարներ և կառավարման եղանակներ», - ասել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Առուստամյանը, որը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին փորձի փոխանակման նման ծրագիր իրականացնելու համար:

«Մեր մոտ իրականացվող բարեփոխումների համար ըստ էության մեծ նշանակություն ունեն տեղեկությունների և փորձի նման փոխանակումը», - ասել է Առուստամյանը:

«Դոջ» ուղղիչ հաստատության պետ Ջիմ Շվոքերթն իր հերթին նշել է, թե ամերիկյան կողմը նույնպես սովորելու բան ունի Հայաստանի պատվիրակությունից:

«Մենք նույնպես սովորում ենք, թե նրանց մոտ ինչպես են կառավարում բանտերը: Որոշ եղանակներ նույնն են, որոշ եղանակներ՝ տարբեր: Որոշ եղանակներ գաղթակղիչ են, և դրանք մենք կուսումնասիրենք առավել մանրամասն: Սա տեղեկությունների փոխանակման լավ եղանակ է», - ասել է «Դոջ» ուղղիչ հաստատության պետը:

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում անցկացվող դասընթացների ուսումնական ծրագիրը մշակվել է Վիսկոնսին նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության և ԱՄՆ-ի արտգործնախարարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի համատեղ աշխատանքի արդյունքում: Նույն մարմինների համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև դասընթացների նյութատեխնիկական ապահովումը:
XS
SM
MD
LG