Մատչելի հղումներ

Հայաստանի ատոմակայանում բացվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիա


ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)
ՀԱԷԿ (արխիվային լուսանկար)

Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում

«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի էներգետիկայի նախարարության ու Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին հունվարի 18-ին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ)»:

Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է նաև, որ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացմանը:

«Լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Լաբորատորիան Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է նաև, որ նորաբաց լաբորատորիայի միջոցով աշխատանքներ կիրականացնվեն նաև 2012 թվականին Կորեայի Հանրապետությունում անցկացված վեհաժողովի ժամանակ քննարկված 2010 թվականի Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների ծրագիրն առաջ տանելու ուղղությամբ:

Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի Զանգվածային ոչնչացման և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը գործում է ամբողջ աշխարհում՝ միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ: Միջուկային փորձաքննության լավագույն փորձն ու համագործակցության բարելավումը հնարավորություն են տալիս պետություններին պայքարել միջուկային մաքսանենգության դեմ՝ զարգացնելով նյութերի ծագումը որոշելու ու մաքսանենգ փոխադրում իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարողությունները:
XS
SM
MD
LG