Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության է դրվելու երեքշաբթի օրը


Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության է դրվելու երեքշաբթի օրը

Ըստ որոշ հաղորդագրությունների, Հայոց ցեղասպանության բանաձևն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու երեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է հանդես եկել թիվ 252 բանաձևին։

Այս մասին հայտարարությամբ ԱՄՆ–ի արտգործնախարարի տեղակալ Ֆիլիպ Քրաուլին հանդես էր եկել ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այն հարցին, թե ո՞րն է Արտգործնախարարության տեսակետը «խոսնակ Փելոսիի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը օրակարգ այսօր կամ վաղը բերելու ծրագրերի մասին», Քրաուլին պատասխանել էր. «Մենք տեղյակ ենք Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձևի հնարավոր քննարկման մասին և կտրականապես դեմ ենք այդ բանաձևին»։

«Մեր կարծիքով, Թուրքիայի և Հաստանի համար իրենց համատեղ անցյալին անդրադառնալու լավագույն միջոցը հարաբերությունները կարգավորելուն միտված ջանքեր գործադրելն է», – նշել էր ԱՄՆ–ի արտգործնախարարի տեղակալ Քրաուլին։

ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևով հնարավոր քվեարկությանը անդրադարձել էր թուրքական «Հուրիեթ» թերթը, որը գրել էր, որ Թուրքիան զգուշացրել է ԱՄՆ–ի վարչակազմի կամ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու դեպքում ԱՄՆ–ի հետ Թուրքիայի հարաբերությունները «հիմնովին և տևականորեն» են վատթարանալու։

«Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրվա ավարտին զանգահարել է ԱՄՆ–ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին՝ այս խնդիրը քննարկելու համար», – հայտնել էր «Հուրիեթ»–ը։

XS
SM
MD
LG