Մատչելի հղումներ

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը


«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ»

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ»:

Այսպես է սկսվում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ նա հիշեցրել է, որ տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին:

«Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է», - ասել է Հայաստանի նախագահը՝ հավելելով. «Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուկին և Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ»:

«Յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է և բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը: Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը», - եզրափակում է Հայաստանի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը:
XS
SM
MD
LG