Մատչելի հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ


Մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը հանդիպման օրակարգի միակ հարցն էր

Փարիզում սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այս մասին է տեղեկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ «հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով»:

Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

«Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը», - ասված է Հայսատանի արտաքին գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG