Մատչելի հղումներ

Արտգործնախարար Նալբանդյան. «Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին»


Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և ցեղասպանության ժխտման խնդիրներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ուղերձով հանդես է եկել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի մասնակիցների առջև:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու փաստին, մասնավորապես ասել է.

«Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող դեպքերի մասին, զգուշացրել են հայերի հանդեպ ատելության քաղաքականության մասին: Եվ ի՞նչ է Ադրբեջանի արձագանքը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության սպասելիքները, այլև մշտապես նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք դեմ են քաղաքակիրթ աշխարհի արժեքներին» - հիշեցրել է նախարարը՝ մանրամասնելով. «Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն էր, մարդ, ով Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ քնի մեջ հայ սպա էր կացնահարել, պարզապես որովհետև նա հայ էր: Ադրբեջանի ղեկավարությունը նրան ազգային հպարտության խորհրդանիշ է դարձրել և օրինակ, որն հետևելու է երիտասարդությունը: Աշխարհի արձագանքը միաբերան էր և շատ պարզ` դատապարտելով այն, ինչ կատարվեց Բաքվի կողմից: Ադրբեջանն իր զարմանքն է արտահայտում միջազգային հանրության կեցվածքի կապակցությամբ: Եվ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձևացնել, թե այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, այլև միջազգային օրենքների և համապատասխան եվրոպական կոնվենցիայի նորմերին ու սկզբունքներին: Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Տխուր է, որ մի երկրի սահմանադրություն ու օրենսդրություն կարող է թույլ տալ մարդասպանի հերոսացում և աշխատավարձի վճարում այն բոլոր տարիների համար, որ վայրագ մարդասպանն անց է կացրել բանտում»:

Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ «նման մարդու հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերակայության բոլոր ընդունված չափանիշներին:

«Եվրոպական խորհրդարանի նախագահն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ ի չարս է գործադրվել եվրոպական իրավական փաստաթուղթը: Մարդու իրավունքների հարցերում ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը նշել է, որ «այս լրջության էթնիկական մղումներով ատելության հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, ոչ թե հասարակավ հերոսացվի», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Շատ պարզ է, որ միջազգային իրավական սկզբունքների ու օրենքների մասին տարբերվող պատկերացումներ կան, տարբերվող պատկերացումներ Ադրբեջանում և աշխարհի մյուս մասերում, թե ինչն է լավ, և ի՞նչը՝ վատ: Սա խորապես անպատասխանատու և ամոթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլև ՄԱԿ-ի անդամի համար», - շեշտել է նախարարը՝ մատնանշելով, որ ներքին հարուստ կոռուպցիոն փորձ ունենալով՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն՝ օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու համար:

«Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը՝ փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ», - նշել է նախարարը:

Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում նշել է, որ Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգել տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:

«Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են իր ղեկավարության ամենօրյա ռազմատենչությամբ, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմն ամրապնդելու, շփման գծում դեպքերի ուսումնասիրման համար հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ, այլև զինադադարի կանոնավոր խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանին սադրանքներ հրահրելով, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով», - ասել է արտգործնախարարը՝ վստահեցնելով, որ անկախ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքից, Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրա:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել նաև Սիրիայում ընթացող զարգացումների և մարդասիրական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որն անմիջականորեն է ազդում այդ երկրում ապրող մեծաթիվ հայ համայնքի վրա:

«Այս համայնքը հիմնականում ձևավորվել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը վերապրածներից», - հիշեցրել է Նալբանդյանը՝ հավելելով. «Այսօր նրանք, ինչպես Սիրիայի շատ քաղաքացիներ, կյանքի համար պայքար են մղում: Հայաստանը շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել, ովքեր խիստ մտահոգված են երկրում սաստկացող բռնություններով: Անհնարին է տևական լուծման հասնել առանց բոլոր կողմերի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության, որը բոլոր սիրիացիների շահերը հաշվի կառնի»:

Անդրադառնալով ցեղասպանության ժխտման ու անպատժելիությանը՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ նման երևույթները նոր ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար:

«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները տեսած ազգի զավակներ մենք համոզված ենք, որ անկախ որևէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա դրանք կանխել: Այս միաձայնության պակասի պատճառով է, որ մարդկությունը կանգնում է մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առջև: Խորապես համոզված ենք, որ մենք այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է ունենանք: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք մի այնպիսի աշխարհ հանդեպ, որում ցեղասպանության հանցագործությունն այլևս երբեք չի կրկնվի», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում:
XS
SM
MD
LG