Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավելի սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

«Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում, ըստ հաղորդագրության, նախարար Նալբանդյանը նշել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։
XS
SM
MD
LG